ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

MADE IN TURKEY (մաս 23-րդ)

MADE IN TURKEY (մաս 23-րդ)
23.09.2024 | 21:06

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին վեց՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 22-ՐԴ

(կամ` Օրուելն ու «թավիշների» դիկտատուրան)

«ԲՈԼՈՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ԲԱՅՑ ՈՐՈՇ ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ԱՎԵԼԻ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ»

Պատմությամբ ամրագրված օրինաչափություն է` հեղափոխություններն անսպասելի չեն բռնկվում:

Նաև` երբե՛ք, հենց այնպես «ոչմիտեղից» քայլելով չեն գալիս ու հանկարծ «ոչմիտեղ» գնացող վարչապետ չեն դառնում, եթե չկան անհրաժեշտ հաշվարկներ, որոշակի ակնկալիքներ ու փոխադարձ պայմանավորվածություններ:

Անցյալի փորձով դրոշմված ճշմարտություն է և այն, որ «գունավոր» խառնակչությունները, երբ և որտեղ էլ բեմադրվեն, միշտ էլ ունենում են «գին», ինչպես և` տերեր, կատարողներ ու պտուղները վայելողներ:

Հետին թվով նույնիսկ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապն է հասկացել, թե որն էր ապրիլյան ողբերգության «գինը», ինչի համար ինքը բացահայտ սրբապղծություն կատարեց` որևէ դավանանք ու սկզբունք չունեցող բոսյակների «պասով», անպատիժ շահարկեց Արցախի հերոսի անունը:

Այսօր առ ոչինչ են երկրի բարձրագույն ամբիոնից «մահվան խորհրդանիշ» դարձած փոխակերպուկի

ժամանակ առ ժամանակ ցուցադրվող ինքնարդարացման նոպաները.

- Ես ընդամենը հեղափոխություն եմ արել: ՈՒ, ինչպես մի անգամ ասել եմ ԱԺ-ում` իշխանությունն ինձ հանձնեցին, քանի որ հողերը տալու ժամանակն էր։

«Հետողորմեա»-յի փորձերը, սակայն, ոչինչ չեն փոխում` ողբերգությունը, ինչի համար և հարբեցող մի հտպիտ բերվել էր ասպարեզ, արդեն իրագործված փաստ է:

Ընդամենը մնում է հնչեցնել հայտնի հերոսից առավել հայտնի ու ակներև պատասխանն իր մեջ ներառող հռետորական հարցը.

- Ծախեցի՞ր, սողու՛ն…

Այնուամենյանիվ, եթե 2018-ին կատարվածն ընդամենը կեղտոտ «գործարքի» հետևանք էր, ապա ողջերին «թաղելու» բազմամարդ տեսարաններով ուղեկցվող զազրելի ինտերլյուդիաները` դագաղներ, ծաղկեպսակներ, սև ժապավեններ, ու «դը՜մփ-դը՜մփ հու՜ու՜ու՜» բառաչներն ինչի՞ համար էին:

Իսկ սպառնալիքով արտաշնչող «ահասարսուռ» կաղկա՞նձը. «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»:

Նույնպես «Ֆեյք նյու՞զ» էր, իմա` «Հայկական ժամանակ»: Արդյունքն էլ «ֆեյք կառավարությու՞ն», որի անդամ չէր Ջորջ Օրուելը…

Այն Օրուելը, որն «Անասնաֆերմայում»` հավասարություն, եղբայրություն և այլ «…ություն»-ների քողածածկույթի տակ, «հպարտ»-ների համար իրագործված հեղափոխության «հայր» օծվեց:

Բայց «թավիշն» այնտեղ էլ այլասերվեց ու վերածվեց դիկտատուրայի, ինչն ամրագրեց-ազդարարեց 7-րդ պատվիրանի փոփոխված տարբերակը.

«Բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»:

Կենդանիների հետհեղափոխական ագարակում գոյության իրավունք ստացած 7-րդ կոչվածը բոլոր հեղափոխություններին հաջորդող դիկտատուրայի հիմքն է, ինչը մարդկությանը հայտնի է «չսահմանափակվող պետական իշխանություն» բանաձևմամբ:

Հայկական «անասնաֆերմայում», Սերժին «մերժելուց» հետո, որքան էլ հիշյալ ճշմարտությունը մատուցվում էր`«տասնամյակներ բռնաբարված արդարության», թալանը «քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնելու, հանուն օրինականության և մարդու իրավունքների հաստատման հանդերձանքով, այնուամենայնիվ, գլխավոր «թավշակալածի» և նրա իշխանաքաղց տիկնոջ աղմկահարույց առաջին իսկ ձեռնարկումները ստուգագրում էին հակադիր գործընթացների առկայությունը` Հայաստանում հաստատվում է դիկտատուրա:

Որովհետև գունավոր խառնակչությունից կարճ ժամանակ անց պարզվել էր, որ «թավշյա» Հայաստանում «որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»:

Հանուն ինչ-որ միֆական «հացի», «նախկիններին» զուգընթաց նաև իրենց արժանապատիվ գոյությունը մերժածները, չէին էլ կռահում` սպասվելիք լայնամասշտաբ կորուստների ու պարտությունների առաջ բացված կեղտոտ «նախադուռը», որ հետո «ավազանի անունով» կկնքվի «բռնեմ-թողնեմ», առաջին իսկ արարից ի ցույց է դնում դեռևս սողացող, բայց արդեն գոյության հայտ ներկայացրած` «անձի բռնապետության» հաստատման միտումները:

«Ի՞նչ եք զենքերն առել-ընկել մի քանի շաբաթվա իշխանության հետևից»,

«Հրաժարվեք հակառակության չար ոգուց, ուշադիր ուսումնասիրեք սիրո ու հանդուրժողականության հեղափոխության նպատակները»,- նման և այլ

եզրահանգումների հեղինակները, ըստ էության, չէին էլ հասկանում, որ չհամատեղվող բևեռներ են գաղափարախոսությունները, տարբեր հարթակներից հնչեցրած խոստումներն ու իրականությունը:

Գռեհիկ վարքագծով, հայհոյախոսությամբ իրենց սնամեջ «կուռքին» նմանակողները, որ հազարավորներ էին, ժխտում էին չարձանագրված, բայց կյանքի ուղեգիր ստացած հիմնադրույթը` առաջնորդվել ո՛չ թե բառային դատարկ կրակոցներով, այլ իրավիճակից բխող ներքին տրամաբանությամբ:

Թերևս, տեղին է ասվածը հաստատագրել պատմությունից ու գեղարվեստական գրականությունից վկայակոչված 1-2 օրինակով.

ա) Յակոբինյան տեռորն իրականացվում էր «հանուն ազատության և մարդու իրավունքների հաղթանակի» կարգախոսով:

բ) Պրոլետարիատի դիկտատուրան, որ կարճ ժամանակ անց կերպարանափոխվեց «կարմիր տեռորի», միայն սոցիալական արդարության հաստատման նպատակ էր հետապնդում:

գ) Հետհեղափոխական անասնաֆերմայում հպարտ էին, քանի որ ապրում էին աշխարհի միակ ագարակում, ուր բոլորը հավասար էին: Բայց ի հայտ եկած փաստաթղթերը, ի ցավ համայնավար հպարտների, հաստատեցին` ագարակը պատկանում է գունավոր խառնակչության հեղինակներին, քանի որ պատճառա-հետևանքային կապի տրամաբանությամբ հաստատվել է խոզերի դիկտատուրա:

«Ի՜նչ բռնապետություն»,-զարմանում են

Հազարավոր խաբվածներ «օդը ձաղկելով» հավատում և հավատացնում են` ուժայինները հաճախ անսպասելի ավարտով (նկատի ունեն` մի քանի միլիոն դրամի գրավ ու… «Давай, до свидания»!) ունեզրկում են «նախկին» թալանչիներին, երկիրը մաքրում են կոռուպցիայից և նոր իրավահարաբերությունների հաստատման հիմքն ամրապնդում:

Պերմանենտ սթրեսների բովում հայտնված հանրությունը չի՛ էլ

նկատում ժամ առ ժամ մեծ մասշտաբների միտումներ դրսևորող ողբերգությունը:

ՇՈՈՒ «ԲՌՆԵՄ` ԹՈՂՆԵՄ»

«Կամերային երաժշտության» «երկնաթռիչ» սլացքը, որ հանկարծահաս արագությամբ ներխուժեց հետհեղափոխական իրականություն, ընդունված արժեքների հարթությունում էվոլյուցիոն այնպիսի ավերներ գործեց, որ նրա` ֆալշ հնչյուններով խտացած հետագիծը, ազատ անկման կանոններին հավատարիմ, հիմնովին ջախջախեց հանրության շրջանում դեռևս «շնչող» հավաքականության փշուրները:

«Կամերային երաժշտությունը» հետհեղափոխական կյանքի կարևոր բաղադրիչ համարողները չեն էլ նկատում, թե հռոմեացի բանաստեղծ, երգիծաբան Յուվենալի կնքահայրությամբ գոյության իրավունք ստացած «panem et cicenses» քաղաքական խառնածին կատեգորիան` «տեսարաններ առանց հացի» տարբերակով, ինչպիսի՜ պրոֆեսիոնալիզմով է շահարկում բանակից փախած «երիտհեղափոխականների» կառավարությունը:

«Կամերային երաժշտության» առաջին «պայծառափայլ» զոհը, մահվան ելքով, «տուշոնկա շոու»-ի գլխավոր դերակատար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանն էր:

Որոշ ժամանակ անց նրան ազատ արձակեցին 25 միլիոն դրամ գրավի դիմաց: Սակայն այդ որոշմանը հետևեցին բողոքի կառավարելի ակցիաներ` գեներալին կրկին կալանավորելու պահանջով։

Որքան էլ տարփողվում էր, թե «օրվա ասողը» «չի զանգում դատավորներին, այնուամենայնիվ, բաց գրքի նման է` ուժայինների բոլոր գործողությունները խստագույնս ուղղորդվում են, կանխակալ են և պտտվում են նույն առանցքի` վարչապետի աթոռին տեղադրվածի շուրջ:

Դիցուք, Գեներալ Մանվելի դատական նիստին զուգահեռ, չգիտես որ իրավունքով, ուղիղ եթերից թիվ 16-րդը շինծու պաթոսով և իրեն բնորոշ աննորմալ դիմախաղով լրացուցիչ փաստեր ու իրողություններ է ներկայացնում ակնդիր-ունկնդրին:

Արդյու՞նքը:

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարում է դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանվորվում է` օրենքի խախտմամբ. նրա հիվանդությունների փունջն անհամատեղելի է ճաղավանդակների հետևում արգելափակելու իջեցված պատվերի հետ:

Գեներալի ազատազրկումը, բանտախցում հիվանդության դեմ մղած պայքարի տանջալից մաքառումները ցնծությամբ ընդունողները, մեղքերի թողության յուրօրինակ հրովարտակ-ինդուլգենցիա տվեցին ապագա սերիական մարդասպանին: Նաև` անկաշկանդ գործելու ինքնատիպ արտոնագիր «շնորհեցին» նրա ընկնավոր, արյան ու մահվան ծարավի այսակիր էությանը:

Ժամանակ անց «տուշոնկա շոու»-ին հաջորդեցին «կազինո» և «կահույք» շոուները:

Առավել քան պարզ էր նպատակը:

Տակավին «առանց հաց»` միայն տեսարաններով կշտացող խառնամբոխին հերթական սկետչը հրամցնելով, շնչավորել ՄԱՔՍԻՄՈՒՄ-ի պայծառ ապագան ապահովող` «գողը գողից գողացավ» ՄԻՆԻՄՈՒՄ ծրագրի նյութականացումը:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ազատազրկմամբ, լուծվում էր կառույցի արդեն իսկ կանխորոշված ճակատագիրը` «ականջից բռնած» քաշել-մտցնել օձ խուզող տիկնոջ` մինչև աճուկը ցուցադրող ճեղքով փեշի տակ:

«Դավադրության տեսության» կանոններով` տիկին «առաջինի» պալատական խոհանոցում թխված սցենարի այս հատվածը օվացիաներով ընդունված պրեմիերայից կարճ ժամանակ անց, տեղապտույտի ծոցն ընկավ ու այդպես էլ «ուշքի չգալով» կորսվեց:

Իսկ 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատության մեջ հայտնված Արա Վարդանյանը, որը պարզվեց` «զրո» լումա է պարտք հիմնադրամին, ավետեց.

«Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ համար ստեղծվեց հնարավորություն մտնել քաղաքական պայքարի մեջ։ Մտա որպես «հիմնադրամի փողերը կազինոյում խաղացող», իսկ դուրս եմ գալու որպես իմ հայրենիքի համար 16 տարի օր ու գիշեր աշխատած մարդ »:

Առավել «դիտարժան» էր Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի կալանավորումը, որն ազատ արձակվելու դիմաց վճարեց 1 միլիարդ դրամ:

Պակաս աղմկահարույց չէր պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նվիրված պատվերով ներկայացումը:

2018-ի հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:

Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը` 5 մլն դրամ, ճանաչվել էր թույլատրելի:

Վոդևիլի ստեպ-ստեպ կերպարանափոխվող մինի ներկայացում-«հետաքննությունները»` «բռնեմ-թողնեմ» խորագրով, ինչպիսի՜ անակնկալ արարներ էին մատուցում.

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան (ազատության դիմաց վճարած գրավը` 5 միլիոն դրամ),

Արթուր Ասատրյան` Դոն Պիպո մականունով (ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց),

խոշոր գործարար Սամվել Մայրապետյան (ազատ է արձակվել 30 միլիոն գրավի դիմաց),

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյան (ազատ է արձակվել 1 միլիարդ գրավի դիմաց):

Այդ շարքում նաև «ոսկե տղա Ֆրանկլին Գոնսալես», Ռոբերտ Քոչարյան, Սաշիկ, Հայկ… ու այսպես շարունակ:

Բռնված-բաց թողնվածների ցուցակը երկար է, շա՜տ երկար:

Բոլորին չես թվարկի:

Ի սեր ճշմարտության խոստովանենք` ինտրիգներով հարուստ ամենօրյա տեսարաններ ապահովող «սցենարիստներն» ու «ռեժիսորները», իսկապես, «հերոսական» գործ են անում իրենց վստահված պատասխանատու «ճակատում»` արևմտյան մարտաֆիլմերից կրկնօրինակված որոշակի դրվագների ներառմամբ բավականին դիտարժան են դարձնում մատուցվող «նյութը»:

Հանուն արդարության նաև փաստենք` ուշագրավը, սակայն, դեռևս չի նշանակում արժանահավատ:

Այսպես, Հայաստանի պետական և ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին հեռակա կարգով կալանքի դատապարտելու և նրա նկատմամբ մրջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ հրատապ ինֆորմացիան` դիմակավոր տղաների, տեսախցիկավոր բազում լրագրողների, ամենատարբեր ավարաների «մասովկայով» անհամոզիչ էր, խղճուկ ու վիրավորական:

Ի վերջո, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը փախուստի մեջ չէր:

Ինչպես հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը.

«Նա Հայաստանից դուրս է եկել դեռ այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր»:

Անգամ, եթե անտեսենք անմեղության կանխավարկածը, միևնույն է, կատարվածը համարժեք էր թշնամու ջրաղացին ջուր լցնելուն:

Այլ կերպ չես բնութագրի գեներալներին ու ՊՆ բարձաաստիճան այլ պաշտոնյաների հատուկ ցուցումով (պարզ է` հատկապես ո՛ր «թրքամատի» հրահանգով) նվաստացնող «մասկի շոուներն» ու հետապնդումները, որ հավասարազոր են բանակի վարկաբեկմանը, զինվորականության անվանարկմանն ու հեղինակազրկմանը:

Նման պատվեր-ներկայացումները Նախիջևանում ու Արցախի հետ սահմանին թշնամու անցկացրած լայնածավալ զորավարժությունների համայնապատկերին, ի՞նչ են, եթե ոչ նախապես պլանավորված հանցագործություն սեփական երկրի ու նրա զինված ուժերի դեմ:

Սողացող պատերազմն արդեն իսկ թակում է մեր դուռը:

Բայց սպառնալիքի օրեցօր ահագնացող ֆոնին, ասես, ճակատագրի ծաղր, «Նոր» Հայաստանում «թատերարվեստի» վերածնունդ է, ինչը, սակայն, ավելի շատ հիշեցնում է միայն ցածրակարգ անողնաշարավորներին հատուկ` տեսակի զարգացման մետամորֆոզ:

Ցուցադրված հերթական մինի-ներկայացումը տրամաբանական ավարտին չհասցրած, այլընտրանքային մեկ այլ բեմադրություն է հրամցվում գրեթե մոռացված վոդևիլի ժանրի սիրահարներին:

Ամեն օր պրեմիերա` սակայն, շըփ-թըփի ոգուն հարազատ նախնական մշակման չենթարկված սյուժեով, բայց կարևորը` նոր դերակատարներով:

Ցուցադրվող բեմադրությունների միակ թերությունն այն է, որ համապատասխան կառույցներն ամեն անգամ մոռանաում են հերթական ներկայացման ամենակարևոր «ծանուցումը».

«Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

Այս մեծ խաղի գործադիր պրոդյուսերներն ու ռեժիսորները յուրաքանչյուր արտահերթ պրեմիերա սկսում են գլխավոր դերակատարին, իհարկե նաև սցենարով անցնող երկրորդական կերպարներին, խայտառակելով, բոլոր մահացու մեղքերն առաջադրելով, հասնում մինչև կուլմինացիա ու՞… հերթական արարը, առանց բացառության, ավարտում ամենահետաքրքիր տեղում` մի քանի միլիոն դրամ գրավով շաղախված հանգուցալուծումը թողնելով ակամա «հանդիսատեսի» երևակայությանը:

Որքան էլ բեմադրված վոդևիլի գործող անձինք ազատ են արձակվում, միևնույն է` անմեղության կանխավարկածն արհամարհած «կեղտոտ լվացքն» արդեն արել է անհրաժեշտը:

Ենթադրյալ հանցագործը, ազատության մեջ է, բայց դե… ինչպես ռուսն է ասում` «поезд ушёл, пришёл бронепоезд»!

Հայկական տարբերակում, սակայն «մոտեցածը» ոչ թե «бронепоезд» էր, այլ թանկարժեք զրահամեքենա, որի հարմարավետ խցիկում տեղավորվածը «ժողջան»-ից շատ արագ անջրպետված նախկին հեծանվորդն էր:

«Ժողջանը», սակայն, ո՛չ միայն խուլ է, այլև կույր:

Չի նկատում (կամ` չի ուզում նկատել) բացահայտը` «երկրի հակառակ կողմից եկածների» անխնա քանդել-ոչնչացնելը ո՛չ մի կերպ չի զուգորդվում բարեփոխումները կյանքի պարտադիր բաղկացուցիչ դարձնելուն միտված տնտեսությունը հոգեդարձ անող, քաղաքական դաշտն առողջացնող հարակից գործողություններով:

(շարունակելի)

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ 22-ՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ի՞նչ տեղի չի ունենում, եթե չկան անհրաժեշտ հաշվարկներ, որոշակի ակնկալիքներ ու փոխադարձ պայմանավորվածություններ:

2. Ո՞վ չդարձավ հետհեղափոխական Հայաստանում ձևավորված «ֆեյք կառավարության անդամ:

3. Սովորաբար ի՞նչ են ունենում «գունավոր» խառնակչությունները:

4. Հայկական անասնաֆերմայում ի՞նչ հանդերձանքով էր ներկայանում «չսահմանափակվող պետական իշխանություն» բանաձևումը:

5. . Հանուն ինչի՞ էր նյութականացվում ` «գողը գողից գողացավ» ՄԻՆԻՄՈՒՄ ծրագիրը:

6. ՈՒ՞մ մինչև աճուկը ցուցադրող ճեղքով փեշի տակ էին ուզում քաշել-մտցնել «Հայաստան» հիմնադրամը:

7. Մի քանի միլիոն դրամ գրավի դիմաց ովքե՞ր արժանացան` «Давай, до свидания!» մաղթանքին:

8. Ինտրիգներով հարուստ ամենօրյա տեսարաններ ապահովող «սցենարիստներն» ու «ռեժիսորներն» ի՞նչ

մեթոդներով էին դիտարժան դարձնում մատուցվող «նյութը»:

9. Ո՞րն էր «Նոր, Հայաստանում ցուցադրվող վոդևիլների գլխավոր թերությունը:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 10791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ